ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Այն, ինչի մասին չենք խոսում...

Այն, ինչի մասին չենք խոսում...
08.08.2024 | 09:09

Հայաստանի 3-րդ հանրապետության առանցքում, ուզեք, թե չուզեք, արցախյան հակամարտությունն էր: Պետության ծնունդը, ժողովրդի զոհողությունները, անկախության իմաստը, ի վերջո, հանգեցվում էր այդ խնդրի հայանպաստ լուծմանը:

Չկա մեկ այլ խնդիր, որի մասին մեզանում այդքան խոսվել ու գրվել է վերջին 36 տարում: ՈՒ թվում է, թե ասվել է ամեն ինչ:

Բայց...

Խնամքով շրջանցվել է այդ հիմնախնդրի ամենաէական առանձնահատկությունը՝ արցախյան հակամարտությունը երբեք էլ չի եղել զուտ հայ-ադրբեջանական երկկողմ հակամարտություն (եթե այդպես լիներ, այն վաղուց ու հեշտությամբ լուծված կլիներ): Այդ խնդրում մշտապես հատվել են տարածաշրջանային ու գլոբալ խաղացողների փոփոխական ու անշրջանցելի շահերը: ՈՒ դա բնական է. այդպիսին է աշխարհակարգը:

Հետևաբար, ծիծաղելի է մեզանում բույն դրած քաղաքական քարոզչությունը, թե ինչու այս կամ այն առաջնորդին ու իշխանությանը չի հաջողվել լուծել այդ խնդիրը: Ավելի ծիծաղելի է, երբ միմյանց փոխարինած իշխանություններն իրար մեղադրում են իրենց կառավարման շրջանում բանակցային սեղանին դրված փաստաթղթերի ավելի կամ պակաս հայանպաստ լինելու մեջ: Մեղադրանքներ, արդարացումներ... մանկապարտեզի մտավարժանքներ, որոնց օգտակարությունը ներքաղաքական շահարկումներից այն կողմ չեն անցնում:

Ո՛չ Հեյդար Ալիևը և նրա նախորդներ Էլչիբեյն ու Մութալիբովը, ո՛չ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձին-առանձին ու ո՛չ էլ բոլորը միասին վերցրած ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ այդքան ուժ՝ լուծելու այդ խնդիրը՝ անկախ լուծման բովանդակությունից: Նրանցից ամեն մեկն ուղղակի իր ժամանակի մեջ փորձել է խնդրի շուրջ տիրող միջազգային կոնյուկտուրայում ստանալ իր երկրի համար բանակցային հնարավոր ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ:

Իսկ սեղանին դրված բանակցային փաստաթղթերը առաջին հերթին արտացոլել են, ի դեմս միջնորդների, տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների այդպահային շահերը: Ժամանակի ընթացքում այդ շահերի քարտեզում տեղի ունեցած փոփոխություններն էլ պայմանավորել են տարբեր փաստաթղթերում տեղ գտած տեղաշարժերը: Սա է իրականությունը:

1988-1994 թթ. պատմական շրջափուլում ստեղծված կոնյուկտուրան արտոնել է հայկական կողմի հաղթանակը: Դրան հաջորդած շրջափուլում այդ նույն կոնյուկտուրան արտոնել է ստատուս-քվոյի պահպանումը 1994-2018 թթ.: Երկու դեպքում էլ դա տեղի չէր ունենա առանց հայաստանյան իշխանությունների խելամտության, ջանքերի ու պահի ճիշտ գնահատման: 2018-2023 թթ. շրջափուլում, նույն կերպ, հակամարտության շուրջ միջազգային կոնյուկտուրան ցավալիորեն արտոնել է Հայաստանի պարտությունը:

Պատասխանատվություն ունի՞ պահի իշխանությունը: Ահռելի ու աններելի. նախ և առաջ ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու ու առավելագույն հնարավորը ձեռքից բաց թողնելու հարցում կատարյալ ձախողման հարցում: Հետո մնացածը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ